Եթե Տավուշում սկսված և առայժմ լռած «լոկալ» պատերազմն այդքան շահառուներ չունենար ու չլիներ այդքան հանգուցային, կարելի էր արձանագրել, որ այն նաև Փաշինյանի «փուքսը» թողեց, և քանի օր է, նա չի փորձում լվալ հայոց ուղեղն իր ոչ ադեկվատ, անհասկանալի, գլոբալիզիմի կոդերով հագեցած ենթագիտակցությամբ, ու արձանագրել` կատարվածը նրա համար խիստ անսպասելի էր։ Ինքը մնաց լոկ այդ ամենի հետին թվով արձանագրողը, որովհետև խաղը, եթե անկեղծ, շատ ավելի խոր ու նշանային էր, և երբ ինքը հասկացել էր, թե իրականում ինչ է կատարվում, այլևս չէր կարող թավշյա, անհեթեթ բառակույտեր արտաբերել: Հասկացել էր` պետք է կոնկրետ պատասխան տա իր արևմտյան տերերին` ինչու այսպես եղավ, իսկ հյուսիսի` ՀԱՊԿ-Ռուսաստան գործընկերներին էլ` ինքը կողմորոշվե՞լ է, թե՞ դեռ մլուլ է տալու` փորձելով բոլորի քթից բռնած «ման տալ»:
Ի դեպ. բոլորիս մոտ, թերևս, մշտապես հարց էր առաջանում. ինչպե՞ս է Ռուսաստանի նման երկիրը հանդուրժում գլոբալ խաղերի մեջ հայտնված, ընդդեմ Ռուսաստան քայլերի կասկադ կիրառող հայաստանյան թավշյա իշխանության կապրիզները: Պարզվեց` Ռուսաստանը, ինչպես միշտ, մտածում է նավթի-գազի` առավել ընդգրկուն շահերի մակարդակով, Հայաստանը` ծիրանի, երգ ու պարի։ Տավուշի հայտնի դիտակետը գրավելուց «մի քանի ժամ» անց` դեպ Նովոռոսիյսկ հոսեց ադրբեջանական նավթը, որը յոթ ամիս կանգի մեջ էր: Ասել է` մինչ Փաշինյան Նիկոլը ամեն օր բրիֆինգ էր անում` դիմակ դնելու մասին, մինչ իր սրտի նախարար Արսեն Թորոսյանի հետ որոշում էր, որ եկող տարվա սկզբին պետք է ամերիկյան վակցինա առնի Հայաստանի համար, երբ ռուսական վակցինան օգոստոսից արդեն պատրաստ ու կիրառման մեջ կլինի, երբ Փաշինյան Նիկոլը որոշում էր, որ գնում է Մինսկ` մասնակցելու ԵԱՏՄ կառավարության ղեկավարների նիստին…. նավթը հոսեց` դեպ Նովոռոսիյսկ, և Ռուսաստանն ուղարկեց հարկավոր սիգնալները Փաշինյանին` տարբեր, հիմնականում ռուսական հայտնի լրագրողների և լրատվամիջոցների ձեռամբ. Այդ թվում և` անհարկի, անթույլատրելի տոնով արտաբերված, ինչն ինքնին ազդանշանում էր` Ռուսաստանը վաբանկ է գնում. վերադարձնում է ՀԱՊԿ-ը քանդելու, հակառուսականության Փաշինյանի «սև փողերի» տոկոսը, և հասկացնում` «Не пропадет ваш скорбный труд /И дум высокое стремленье!»:
Ռուսաստանը նախ հարցրեց՝ ինչու՞ հաղթանակի շքերթին չեկար, բայց գնացիր Մինսկ. ինչ էիր գաղտնի խոսում Բատկայի հետ. գնացիր, որովհետև հարցե՞ր ունեիր լուծելու: Այլ հարցադրումներ և «հիշողություններ» էլ եղան (Ղրիմի ճանաչում, Քոչարյանի բանտարկություն.. չենք ծավալվում- հեղ):
Ռուսական «նյու» մոտեցումների մեջ անշուշտ մեծապետականության լուրջ ազդակներ կային նաև, չնայած պահվում է նաև «երգով նահանջի» տարբերակը, ասելու` պաշտոնական մակարդակով «նման» մտքեր չեն հնչել. դա Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը չէ, չնայած ուղտին էլ պարզ է` որտեղ են ձմեռում խեցգետինները:
Ընդ որում, հաշվի առնենք այս ամենում ամենանուրբ «պահը». Նիկոլ Փաշինյանն իր մինսկյան ելույթում հարկ էր համարել նշել «երրորդ կողմ» եզրույթը, «որին ձեռնտու է հայ-ադրբեջանական լարվածությունը»:
Կարծում ենք` առաջին հերթին հենց այս ֆրազեոլոգիան է շարժել մայր Ռուսաստանի նյարդը: Ասել է` անգամ հիմա, ՀԱՊԿ քանդելու երբեմնի փորձերին զուգահեռ, ՀԱՊԿ նախկին քարտուղարին քրեական հետապնդման ենթարկելու ֆոնին, Փաշինյանը մնում է «հավատարիմ» իր իրական տերերին` գլոբալիստներին, որպեսզի վերջիններս չասեն` «բերանդ ջուր էիր առել, նստել»:
Բոլոր դեպքերում, տավուշյան էպոպեան ինքնին մեծ նշանակության էր ոչ միայն տարածաշջանում խաղը փոխվելու (մեկ ուրիշ անգամ մանրամասն անդրադառնալու ենք սրան), այլ հենց միայն այն առումով, որ դիտակետը, որը նայում է տարածաշրջանային` գազա-նավթա-երկաթուղային բոլոր կարևորագույն «առանցքներին» արդեն, գտնվում է հայերի, այն է` ՀԱՊԿ անդամ երկրի ձեռքում…
Ձգենք պաուզան, ու փաստենք՝ հենց այստեղ է ՀԱՊԿ-Նիկոլ, իրականում` Ռուսաստան-Նիկոլ տանդեմի «անհասկացողության պատը»։ Ասել է` ՀԱՊԿ-Ռուսաստանը հասկացնում է, որ բարձունքի դիտակետային «կնոպկայից», պարոն Նիկոլ, դու ինքնուրույն չես կարող օգտվել, բաներ պայմանավորվել գլոբալիստներիդ հետ, դու մեզ հետ գործ ունես:
Մի փոքրիկ շտրիխ էլ բացապարզվեց այս ամենում, ինչը մնաց աննկատ։ Այդ «շտրիխը» թողնենք այստեղ` հետագայում հասկանալու, ճիշտ էինք նկատել, թե… ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարություններից մեկում շատ նրբագեղ միտք կար՝ ժամանակին Ալիևը դադարեց բանակցել Արցախի հետ, այժմ հրաժարվում է բանակցել Հայաստանի հետ, չգիտենք` ցանկանու՞մ է նա հիմա բանակցել Արցախի հետ, թե՞ ոչ….
Կարծում ենք` այնքան էլ պատահական միտք չէ: Հետևենք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ